ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել Մոսկվայի եւ Կիեւի իշխանությունների միջեւ ուղղակի երկխոսություն հաստատելու օգտին: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, համապատասխան հայտարարությունը նա արել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի եւ հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ կայացած հանդիպմանը:
Դիմելով Ուկրաինայում եւ տարածաշրջանում բոլոր կողմերին, Պան Գի Մունը հորդորել է «լիցքաթափել իրադրությունը, մեղմել հռետորաբանությունը եւ գտնել ճգնաժամի խաղաղ կարգավորում»: Ընդսմին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ իրադրության կարգավորմանն ուղղված հավաքական ջանքերում «պետք է գերակշռեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ մարդու իրավունքների լիակատար հարգման սկզբունքները, որոնք բովանդակում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Կիեւի իշխանությունների ներկայացուցիչների հետ Պան Գի Մունի հանդիպումը տեղի է ունեցել համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստից քիչ անց: Ինչպես սպասվում է, մարտի 15-ին ԱԽ-ի քննարկմանը կդրվի ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը, որով աջակցություն է հայտնվում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ինչպես նախօրյակին հայտարարել է Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Հերի Քուինլենը, փաստաթուղթը հարկ է ընդունել մինչեւ Ղրիմի հանրաքվեն: