ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 13-ին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջև' նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվող աշխատանքները' ընդգծելով սփյուռքի նախարարության և հայ համայնքային կառույցների հետ համակարգված գործունեության կարևորությունը։
«Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված առաջարկությունների հիման վրա և նկատի առնելով հավատարմագրման յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները' կազմվել է 2014-15թթ. միջոցառումների ծրագիր: Միջոցառումները նախատեսվում է իրականացնել տասնյակ պետություններում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության ջանքերին' նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ջանում է միանալ այդ ուղղությամբ գործադրվող այլ երկրների, միջազգային կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների մշակմանը։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լսումների մասնակիցների բազմաթիվ հարցերին: