Անդադար տեղացող ձյան պայմաններում այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այստեղ ուշագրավ էր հատկապես այն հանգամանքը, որ Աբովյանում քարոզարշավին իրենց մասնակցությունն էին բերել նաև «Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերները, ովքեր ժամանել էին տարբեր երկրներից' ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Ավստրալիայից: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ նրանք ծանոթացել ու ողջունել են «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը և հայտարարել, որ առանց այդ առողջացման ծրագրի՝ հնարավոր չէ փոփոխություններ անել Հայաստանում:
Վաղը միջազգային գործընկերների խումբը այցելելու է հայ-թուրքական սահման, որպեսզի հնարավոր լինի որևէ կերպ աջակցել դրա բացմանը, իսկ հաջորդ այցելության ժամանակ, տեղեկացրեց Ծառուկյանը, նրանք մտադիր են լինել նաև Արցախում.
«Այստեղ են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատգամավորներ, ԱՄՆ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ, Ավստրալիայից, Չեխիայից և այլ երկրներից մեր գործընկերները: Նրանք եկել են ասելու, որ մենք ուժեղ ենք և մենք հաղթելու ենք ու հաղթելուց հետո էլ նրանք աջակցելու են մեզ՝ կառուցել բարգավաճ Հայաստան»,- հայտարարվեց Ծառուկյանը՝ հանրահավաքի ժամանակ:
Գագիկ Ծառուկյանը Աբովյանի բնակիչներին ներկայացրեց դաշինքի կողմից առաջարկված 15 կետերը, ասաց նաև, որ ինքը լավատեղյակ է հանրությանը հուզող խնդիրներին և ունի հստակ ծրագրեր՝ մարդկանց կյանքում բարեփոխումներ կատարելու համար։