«Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ: Դաշինքին սատարելու համար Հայաստան են ժամանել նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր կայացած միջազգային համաժողովի ընթացքում նրանք հայտարարել են, որ եկել են իրենց օժանդակությունը հայտնելու «Ծառուկյան» դաշինքին և հաղթանակ մաղթելու առաջիկա ընտրությանը: Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն իր խոսքում նշել է, որ իրենց ընտանիքի համար մեծ պատիվ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նման անդամ ունենալը:

 

«Շատ հպարտ ենք, որ այսպիսի ներկայացուցիչ ունենք Հայաստանում: Հարգելի պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք ձեզ օգնելու, մեր օժանադակությունն ու բարեկամությունը ձեզ հայտնելու համար, այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ մենք միասնական քաղաքական ընտանիք ենք»,-նշել է Յան Զահրադիլը:

 

Համաժողովի մասնակիցները նշել են, որ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը և այնտեղ ներառված 15 առաջնահերթ քայլերը վերաբերում են ամբողջ ժողովրդին և իրագործվելու դեպքում լուրջ բարեփոխումների կհանգեցնեն:

 

Մանրամասները՝ տեսանյութում.