Փետրվարի 26-ի գիշերն Իրաքի տարածքում գտնվող Սիրիային սահմանակից ալ Քաիմ շրջանում միջազգային դաշինքը հարվածներ է հասցրել «Իսլամական պետությանը», որոնց արդյունքում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել, նրանց թվում եղել նաև կազմակերպության ղեկավարներ:

 

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տեղեկացմամբ, լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռմբակոծության ժամանակ նշված շրջաններում է եղել նաև ԻՊ կազմակերպության ղեկավար Աբո Բաքր ալ Բաղդադին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա ճակատագրի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքից ահաբեկչական ուժեր են համալրել ԻՊ-ի շարքերը:

 

Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության մասին լուրեր շրջանառվել են բազմիցս, սակայն դրանք այդպես էլ չեն հաստատվել:

 

Իրաքյան ուժերն ԻՊ-ից ազատագրել են Թիրքիթ քաղաքի 3 շրջան և հարավում գտնվող 2 գյուղ: Ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, վիրավորվել են ևս 12-ը: Սալահ ադ Դին մարզի անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, անվտանգության ուժերը կամավորական ջոկատների հետ առաջ են ընթացել դեպի Թիրքիթի հարավում գտնվող Տարաբլա, Զալայա և Մաքիշիֆա շրջաններ՝ ազատագրելով դրանք:

 

Դրան զուգահեռ, իրաքյան օդային ուժերը հարվածներ են հասցրել մայրաքաղաք Բաղդադի արևմուտքում գտնվող ահաբեկիչների դիրքերին: Արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: