Ամերիկյան օդանավերը մարտի 27-ին ռմբակոծել են Թիքրիթ քաղաքում «Իսլամական պետության» դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածներին մասնակցել են նաև իրաքյան օդային ուժերը: Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ Օբեյդին տեղեկացրել է, որ քաղաքի կենտրոնի վրա իրենց հարձակման ժամանակը շատ մոտ է: Դրան զուգահեռ, իրաքյան անվտանգության ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ միասին շարժվել են Սինայի թաղամասի և շրջակա տարածքների ուղղությամբ:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ' ռմբակոծության է ենթարկվել Թիքրիթում ազգային կամավորական ջոկատների նստավայրը:
Միջազգային դաշինքի օդանավերը Թիքրիթի ռազմական գործողություններին մասնակցում են առաջին անգամ' Բաղդադի խնդրանքով:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին կոչ էր արել միջազգային դաշինքի երկրներին օժանդակել Սալահ ադ Դին մարզն ԻՊ-ից լիովին ազատագրելու հարցում: Թիքրիթ քաղաքում ռազմական գործողություններն սկսվել են մարտի սկզբից: «Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանան ի, Սիրիայի և Իրաքի տարածքում:
2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: