Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ հարվածներ հասցնելով շիա ապստամբների դիրքերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սաուդյան Արաբիան մարտի 25-ին 100 ռազմական ինքնաթիռներով և 150 հազար զինվորով մասնակցել է Եմենի ռազմական գործողություններին: Այս մասին տեղեկացրել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Աղբյուրի տեղեկացմամբ, Եգիպտոսը, Հորդանանը և Սուդանը պատրաստակամություն են հայտնել մասնակցել ցամաքային հարձակումներին:
Մեկ այլ արաբական աղբյուրի տեղեկացմամբ, Սաուդյան Արաբիայի օդանավերը ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը և մի քանի այլ կարևոր դիրքեր:
«Անսար Ալլահ» խմբավորման անդամներից Մուահմմադ ալ Բախիթին նշել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունները նշանակում են պատերազմի հայտարարություն, որից տարածաշրջանում կարող է լայնամասշտաբ պատերազմ բռնկվել: Նա նաև ավելացրել է, որ ագրեսիան անօրինական է:
Վերջին օրերին Եմենում իրավիճակը կտրուկ վատթարացել է: Լուրեր են շրջանառվում շիա ապստամբների կողմից Ադեն քաղաքը գրավելու մասին: Ավելի վաղ նրանք վերահսկողություն էին հաստատել երկրի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Թայիզում:
Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ խնդրելով աջակցել իրեն:
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ: