Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքի օդանավերը 24 ժամվա ընթացքում ռմբակոծել են շիաների դիրքերը՝ ոչնչացնելով նրանց պատկանող 11 զինապահեստներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Արաբական դաշինքի ղեկավար Ահմադ բն Հասան Ասիրիի պաշտոնական ներակայացուցի չը: Նրա խոսքով, դաշինքն աշխատանքներ է տանում իրականացնելու իր նպատակները շիաների դեմ: Ասիրիի ներկայացուցիչը կոչ է արել բանակի զինվորներին, ովքեր ցանկանում են աջակցել «օրինականությանը», հեռանալ շիաներից:
Եմենի օդային ուժերը հայտարարել են, որ մեկ օրվա ընթացքում ավելի քան 30 հարվածների են ենթարկվել ռազմական և քաղաքացիական օբյեկտները: Մյուս կողմից, Ծաբու և Աբյան մարզերում բանակը պայքար է մղում «Ալ Կաիդա»-ի հետ:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնության առաջին օդանավը վայրէջք է կատարել Եմենի մայրաքաղաք Սանայում: Ավելի վաղ կազմակերպությունը թույլտվություն էր ստացել Սաուդյան Արաբիայից Եմեն երկու ինքնաթիռներ ուղարկելու համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ շիա ապստամբները՝ հոուսիները, հսկողություն են հաստատել Ադենի նավահանգստի և օդանավակայանի վրա: Նախօրեին Իբ քաղաքի դպրոցներից մեկի վրա հրթիռ ընկնելու հետևանքով զոհված աշակերտների թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 20-ը:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում երկու շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել, ևս 1700-ը վիրավորվել է: «Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը:
Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: