Սաուդյան Արաբիան Եմեն ներխուժել է ԱՄՆ-ի հետ խորհրդակցելուց հետո'իր բոլոր քայլերը համաձայնեցնելով Վաշինգտոնի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել բն Ահմադ ալ Ջուբեյրը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անմիջական օգնություն չի ցուցաբերի Եմենում, փոխարենը կցուցաբերի քաղաքական, հետախուզական աջակցություն:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիան ռազմական գործողություններ սկսելու մասին տեղեկացրել է ՄԱԿ-ին:
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է տասնյակ զոհերի և վիրավորների մասին, որոնց թիվը դեռ չի հրապարակվել: Նախօրեին տեղեկություններ էին ստացվել մոտ 20 զոհերի, ավելի քան 30 վիրավորների մասին:
Համատեղ ռազմական ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Եմենում օրինական իշխանության վերականգնումը նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի գլխավորությամբ: Առայժմ խոսք չի գնում ցամաքային ռազմական գործողություններ ծավալելու մասին:
Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի և ԱՄԷ-ի աջակցությամբ մարտի 26-ին ռազմական գործողություններ է սկսել «Անսար Ալլահ» շարժման ապստամբների դեմ, ովքեր վերահսկողություն էին հաստատել երկրի զգալի մասի վրա: Ընդհանուր առմամբ ռազմական դաշինքն իրականցրել է ծովային և օդային շրջափակում: Ռազմական կոալիցիային միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատություններ, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին մասնացկում են հարյուր ռազմական օդանավեր: Մինչ դեռ շիա ապստամբները հայտարարել են 30 օդանավի մասին՝ նշելով, որ նման մեծ թիվ հայտարարելը իրենց վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է եղել: