Սաուդյան Արաբիայի Առեւտրային պալատների դաշնության նախագահ Հասան ալ-Հուվայզին երկուշաբթի Սիրիայի Առեւտրային պալատների դաշնության նախագահ Մուհամեդ ալ-Լահմանի հետ բանակցություններ է վարել Սիրիայի հետ տնտեսական համագործակցության վերականգնման մասին Էր Ռիադում ընթացող արաբա-չինական համաժողովի շրջանակում, տեղեկացրել է սաուդյան SPA գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ դաշնությունների ղեկավարները պայմանավորվել են վերականգնել տնտեսական համագործակցության ուղեգիծը, առեւտրային եւ ներդրումային գործունեությունը, ինչպես նաեւ տնտեսական միջոցառումները երկու երկրների միջեւ՝ կապված արաբական միջավայր Սիրիայի վերադարձի հետ։
Նրանք նաեւ ընդգծել են «առեւտրային պատվիրակությունների այցերի փոխանակման, ներդրողներին թագավորության եւ Սիրիայի տնտեսությունում ներդրումների հնարավորություններ ընձեռելու, տնտեսական համաժողովների իրականացման անհրաժեշտությունը՝ տնտեսական համագործակցության ոլորտում առաջ ընթանալու նպատակով»։
Սիրիայի առեւտրային պալատների դաշնության նախագահը նշել է, որ երկրի գործարարները Սաուդյան Արաբիայում բիզնես վարելու ցանկություն են հայտնել։