Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը մարտի 18-ին հանդիպել է Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Իոանիս Բրախոսի (Ioannis Brachos) հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ Վ․Մելիքյանը նշել է, որ երկու երկրների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունները պայմանավորված են հազարամյակներից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը:
Հունաստանի ԱԳՆ գխավոր քարտուղարն ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանում ամենաջերմ զգացումներն ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ու ցանկանում են հնարավորինս զարգացնել համակողմանի փոխգործակցությունը։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել անցյալ տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացի կապակցությամբ՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների, ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումների և ԱԳՆ-երի միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների պարբերականությունը:
Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է մարտի 18-20-ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Երևանում կայանալիք Հայ-հունական գործարար համաժողովի մանրամասները և կարևորել է մինչև տարեվերջ Երևանում երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ՝ միմյանց ներկայացնելով կոնկրետ առաջարկություններ և փոխշահավետ ներդրումային ծրագրեր:
Կողմերը կարևորել են երկկողմ ոլորտային համագործակցությունը՝ իրատեսական համարելով համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:
Գլխավոր քարտուղարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, բազմակողմ հարթակներում համագործակցության առավել սերտացմանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։