ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ կազմակերպության Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները պետք է հանգուցային դեր խաղան Սիրիայում, Եմենում և Հարավային Սուդանում հակամարտությունների կարգավորման գործում: Նա ակնկալում է, որ Սիրիայի խնդրում «հնգյակը» կարող է միասնական դիրքորոշման գալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, Պան Գի Մունը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսի, Սերգեյ Լավրովի, Ֆիլիպ Համոնդի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Սիրիային, ինչպես նաև Եմենին և Հարավային Սուդանին:

 

«Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ինքը հանգուցային է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների դերը բոլոր երեք հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերում: Նա, մասնավորապես, ակնկալում է, որ նրանք՝ որպես մշտական անդամներ, կշարունակեն միասնական դիրքորոշման հասնելու ջանքերը, ինչը չափազանց կարևոր կլիներ Սիրիայում ողբերգական փակուղուց դուրս գալու համար»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: