Նիժնի Նովգորոդ այցի ընթացքում գլխավոր հանձնակատարը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ, որի ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը կարևորել է Ռուսաստանի հայ համայնքի դերը Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման գործում:

«Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մարզի զարգացման համար ներդնում է իր լավագույն որակները, գիտելիքներն ու տաղանդը: Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ և պատրաստ ենք աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը»,-նշել է դեպարտամենտի ղեկավարը:

Այնուհետ Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքում ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, շեշտադրել հատկապես այս տարվա օգոստոս ամսին նախատեսված երիտասարդական համաժողովը' կարևորելով երիտասարդների մասնակցությունը նաև համաժողովի օրակարգի նախապատրաստման գործում։

Երիտասարդների հարցերը հանձնակատարին վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցությանը, հայրենիքի անվտանգությանը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ինտերգրմանը, գրասենյակի ծրագրերին մասնակցելու հնարավորություններին և այլն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երիտասարդները համաժողովի նախագծային տարբերակին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց առաջարկությունները Նիժնի Նովգորոդում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հունան Ղուլյանի միջոցով։

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը եղել է նաև Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու Ս.Ամենափրկիչ տաճարում, այնուհետ այցելել «Ռուսաստան' իմ պատմություն» թանգարան։