Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ներդրում են ունեցել Խաղաղության կորպուսի, կրթական ուսումնական ծրագրերի ու Ամերիկյան անկյունների գործունեությունը:
Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
«Այս շաբաթվա ընթացքում Հայաստանում ընդունեցինք Խաղաղության կորպուսի 1000-րդ կամավորին: Կամավորները կապեր են հաստատում իրենց հյուրընկալող ընտանիքներում ու համայնքներում, որ ամբողջ կյանքի համար են: Մեկ այլ շատ կարևոր նախաձեռնություն մեր ամերիկյան անկյունների ծրագիրն է' մենք ունենք հինգ ամերիկյան անկյուններ Երևանում, Գյումրիում, Կապանում, Վանաձորում և Չարենցավանում: 2016թ-ին մենք հյուրընկալել ենք դրանցում 72 հազար հոգու՝ մարդիկ, ովքեր այնտեղ մասնակցել են անգլերենի դասընթացների, քննարկումների, կինոդիտումների, օգտվել են դրանց ռեսուրսներից և այլն»,- նշեց դեսպան Միլսը: Նա անդրադարձավ նաև կրթական փոխանակման ծրագրերին, ինչպիսիք են Ֆուլբրայթի ծրագիրը, Միջազգային այցելուների ծրագիրը, ՖԼԵՔՍ դպրոցականների փոխանակման ծրագիրը: «Այսօր շուրջ 4000 շրջանավարտներ իրենց ներդրումն են ունենում Հայաստանի զարգացման գործում»,- ընդգծեց ամերիկացի դիվանագետը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններում ամերիկահայերի ներդրմանը' Միլսը նշեց այս հարցում այնպիսի կարևոր ներդրում ու պատմություն ունեցող կազմակերպությունների, ինչպիսիք են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաև ավելի ուշ ձևավորված «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, Impact Hub Երևանը, Գաֆեսճյան արվեստների կենտրոնը և այլն: