ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը' Մոսկվա) մարտի 5-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշել է, որ բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-սլովակական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:
Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրիպուտենն ասել է, որ Սլովակիայում նույնպես մեծ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր' Հայաստանի և Սլովակիայի միջև համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-սլովակական հարաբերությունների օրակարգային հարցեր' քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցությունը և նախատեսվող համատեղ ծրագրերը: