Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պհամ Բինհ Մինհի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով ՀՀ դեսպանին' Վիետնամի փոխվարչապետը ևս մեկ անգամ իր երկրի գոհունակությունն է հայտնել Հանոյում դեսպանություն բացելու ՀՀ ղեկավարության որ ոշման կապակցությամբ և ընդգծել, որ այժմ Հայաստանն ու Վիետնամը հնարավորություն ունեն և պատրաստակամ են զարգացնել երկու պետությունների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը:

 

Փոխվարչապետը շեշտել է, որ Վիետնամի ժողովուրդը երախտիքով է հիշում իրենց երկրի անկախության ձեռքբերման և երկրի կայացման գործում նաև հայ ժողովրդի ցուցաբերած աջակցությունն ու դերակատարությունը, և որ Վիետնամի ղեկավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ավանդական բարեկամական երկրների հետ հարաբերություններին:

 

Անդրադառնալով 2012թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վիետնամ կատարած այցին և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին' փոխվարչապետն ընդգծել է դրանց իրականացման կարևորությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակվել համագործակցության սերտացման ուղիների շուրջ: Կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ դեսպան Վարդանյանը հայտնել է վիետնամցի ուսանողների համար ՀՀ բուհերում ուսանելու հնարավորություն ընձեռելու՝ ՀՀ կրթության նախարարության պատրաստակամության մասին:

 

Վիետնամի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմի առաջարկի համար՝ նշելով, որ Հայաստանում կրթություն և բարձր որակավորում ստացած բազմաթիվ վիետնամցիներ այսօր էլ կարևոր պաշտոններ են զբաղեցնում երկրի կառավարման և տնտեսության տարբեր ոլորտներում: