Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի' կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանամուտի, բնության զարթոնքի շնչով առլեցուն այս գեղեցիկ տոնը, որով մեզանում ոչ պաշտոնապես մեկնարկում է նաև «կանանց մեկամսյակը», հայ կնոջ մեծարումի և գնահատանքի, նրան ջերմ ժպիտներ պարգևելու ևս մեկ հրաշալի առիթ է բոլորիս համար:

 

Դուք Ձեր անսահման ներողամտության, բարության, դժվարությունները հաղթահարելու ի վերուստ տրված ունակության և լավատեսության շնորհիվ կարողացել եք ինչպես ամուր պահել պետության կայացման և զարգացման հիմնական հենասյունը' ընտանիքը, այնպես էլ ակտիվ դերակատարում ունենալ երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

 

Հատկապես ցանկանում եմ ընդգծել կանանց դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում, որտեղ այսօր նրանք գերակշիռ մաս են կազմում: Գյուղերում ապրող կանանց համար գարունը ոչ միայն ծաղիկների, տոնական բարեմաղթանքների հաճելի սպասում է, այլ առաջին հերթին աշխատանքի, արարումի խորհուրդ ունի' հաճախ հոգսաշատ, մարտահրավերներով լի, բնության արհավիրքների, հողի հետ կռիվ տալու դժվարին առօրյա, որը նրանց անմնացորդ նվիրումի և ջանասիրության շնորհիվ ավարտվում է բերք ու բարիքի ծնունդով:

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գարնանային տոնի առիթով և մաղթում եմ Ձեզ արևառատ օրեր, բազում բերկրալից, խանդավառ պահեր, անսահման սեր ու ուրախություն: Թող Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը պարուրված լինի երջանկության և այս գարնանաբույր տոնի զգացումով»: