ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին' նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու դրանք խորացնելու անհրաժեշտությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' դեսպան Ռենոն իրատեսական է համարել համագործակցությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու հնարավորությունը՝ այս տարի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ՀՀ նախատեսվող այցի շրջանակներում և Սերգո Կարապետյանին է փոխանցել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի Ֆրանսիա այցելելու մասին հրավերը: Առաջարկելով այցելությունը կազմակերպել մինչև Ֆրանսիայի Հանրապետույթան Նախագահի այցը: Նա նշել է, որ այն հնարավորություն կտա առավել մանրամասն քննարկելու և նախանշելու գյուղատնտեսության բնագավ առում հայ-ֆրանսիական համագործակցության ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահների հանդիպման օրակարգում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել սեղմ ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություն՝ այցի հնարավոր ժամկետների և նախատեսվող հանդիպումների վերաբերյալ:
Դեսպանը հետաքրքրվել է նաև Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը (OIV) ՀՀ անդամակցության գործընթացով, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ փաստաթուղթը գտնվում է ՀՀ ներպետական ընթացակարգերի փուլում և անդամակցության հայտը շուտով կներկայացվի կազմակերպության գլխավոր տնօրենին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի դեռևս անցյալ տարվա առաջարկին ի պատասխան՝ դեսպան Ռենոն առաջարկել է աշնանը Հայաստանում կազմակերպել սեմինար' գյուղատնտեսության զարգացման ֆրանսիական մոդելն ըստ զարգացման փուլերի ներկայացնելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել այդ միջոցառմանը հրավիրել նաև Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը: