Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 13-ին ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բուլղարիայում առկա զգալի հետաքրքրվածության մասին:
Զրուցակիցները համակարծիք էին, որ մինչ 2021թ.-ին նախատեսված հաջորդ միջկառավարական հանձնաժողովի նիստը կողմերը նախանշել են փոխգործակցության բավականին հավակնոտ օրակարգ, որի իրականացումը զգալիորեն առաջ կմղի երկրների առևտրատնտեսական կապերը:
Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես թվայնացման, օպտիկամալուխային գերարագ ցանցերի զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով: Անդրադարձ է կատարվել ավիացիոն ուղևորափոխադրումների, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության հարցերին: