Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի տարածաշրջանային փոխտնօրեն Վերներ Թութին և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարետտոյին։
Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստեֆանո Լազարետտոն իր խոսքում նշել է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին խոստումնալից և ոգեշնչող է։ Դեսպանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բաց տնտեսական միջավայրի շնորհիվ շվեյցարացի գործարարների շրջանում հետաքրքրվածություն է նկատվում․ նրանք դեսպանին հարցնում են՝ արդյո՞ք իսկական ժամանակն է այստեղ գործունեություն սկսելու և ստանում են դրական պատասխան։ Դեսպանը կարևորել է ներդրողների հետ տարվող անհատական և թափանցիկ աշխատանքը։
Վերներ Թութը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք ոգևորված են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով։ Նա նախարարին է ներկայացրել Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի տարածաշրջանային փոխտնօրենը նշել է կազմակերպության համար առաջնահերթություն հանդիսացող նպատակները և Հայաստանի կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։
Կողմերը քննարկել են տնտեսական աճի ներառականությանն, ինչպես նաև տարածքների տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։