Ստորագրվել և վավերացման է սպասում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև առևտրի պայմանները բարելավող համաձայնագիրը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկրներից միակը, որը սահմանակից է Իրանի հետ, լավ հնարավորություն ունի իր տարածքը դարձնելու այն հարթակը, որը պետք է Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ԵԱՏՄ համաձայնագրի առավելություններն օգտագործելով, այն դարձնի ավելի գործուն, ավելի ծավալուն, ավելի արդյունավետ:
«Դա գուցե այն էական շեշտադրումն էր, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ֆորումի ընթացքում նշեց իր խոսքում: Գուցե դա այն առանձնահատկությունն է, որ հնչում էր որպես առանձնացված գիծ: Իսկ, ընդհանուր առմամբ , ֆորումի նպատակներն ավելի ընդհանուր են և բոլոր ջանքերով, բոլոր երկրների համար ավելի արդյունավետ համագործակցության միջավայր կստեղծի»,- նշեց նախարարը:
Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումի շրջանակներում քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության ներսում համագործակցությանը և այն ջանքերին, որոնց շնորհիվ ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրի սուբյեկտի համագործակցությունը լինի ավելի արդյունավետ երրորդ երկրների շուկայում:
«Պետք է այս ընթացքը համարել որպես զարգացման ընթացք, զարգացման քննարկումների շարք, մտքերի փոխանակման հարթակ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կբերի իր դիտարկումները, թե ինչպես կարելի է զարգանալ ավելի էֆեկտիվ ձևով, որպեսզի բոլորն էլ իրենց տեսակետներով կարողանան ընդհանուր լուծումների գալ. սա է ֆորումի կարևոր նպատակը»,- ընդգծեց Խաչատրյանը: