Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի և Եթովպիայի պատմական, կրոնական և մշակութային առնչությունները լավ հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Այս համատեքստում նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։

 

 

Հայաստանի և Եթովպիայի արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության զարգացումը, միջխորհրդարանական կապերի հաստատումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, տնտեսական համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները։

 

 

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսինն անդրադարձել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի։