Չեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը՝ հունվարի 31-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ եւ քննարկել հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:

 

Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու եւ նոր կառավարություն ձեւավորելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

 

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են նաեւ երկու երկրներում գործարար եւ ներդրումային միջավայրի առավելություններին եւ խնդիրներին: ՀՀ նախագահը եւ ՉՀ վարչապետը առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում մեծապես կարեւորել են գործարար համայնքների միջեւ շփումները: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ է նշվել Պրահայում այսօր կայացած հայ-չեխական գործարար համաժողովը, ՀՀ նախագահի այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական ոլորտը կանոնակարգող համաձայնագրերը, որոնք, կողմերի համոզմամբ, հիմք են հանդիսանում բազմաթիվ ոլորտներում տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաեւ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բաց եւ անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

 

Նախագահի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով այցը Չեխիայի Հանրապետություն, այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: