Գերմանիան պետք է շնորհակալ լինի նախկին Խորհրդային Միության ժողովուրդներին, ովքեր 70 տարի առաջ ազատագրել են գերմանացիներին նացիոնալ-սոցիալիզմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գերմանական «Զուդոյչե Ցայտունգ» թերթին տված հարցազրույցում նշել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:
«1945 թվականի մայիսի 8-ին մենք ազատագրվեցինք: Մեզ ազատագրեցին Խորհրդային Միության ազգերի ներկայացուցիչները, սակայն ոչ միայն նրանք: Դրա համար մենք պետք է շնորհակալ և հարգալից լինենք»,- ասել է Գերմանիայի նախագահը: Նրա խոսքով՝ դրա վրա չպետք է ազդի նաև այն փաստը, որ պատերազմից հետո Գերմանիան երկար տարիներ բաժանված է եղել բեռլինյան պատով:
Գաուկը հիշեցրել է, որ անցած շաբաթ ինքն այցելել է նախկին Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար, որտեղ հարգանքի տուրք է մատուցել այն ազատագրած բրիտանացի զինծառայողների հիշատակին: «Հաջորդ շաբաթ ուշադրության կենտրոնում կլինի խորհրդային զինվորների՝ ազատագրման գործում ներդրած ավանդը: Մայիսի 8-ին Բրանդենբուրգում՝ զինվորական գերեզմանատանը, ես հարգանքի տուրք կմատուցեմ նրանց հիշատակին»,- ընդգծել է նա:
Միաժամանակ, Գաուկը շեշտել է. «Այն փաստը, որ տեղի կունենա նման միջոցառում երկրի ղեկավարի մասնակցությամբ՝ ցույց է տալիս, որ չնայած որոշ դիտորդների կասկածներին, ես ոչ Ռուսաստանի, և ոչ էլ ռուս ժողովորդի հետ որևէ խնդիր չունեմ»: