ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, կարևորել երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և ընդգծել, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են դատավորների կրթության կազմակերպման, փորձի փոխանակման, փողերի լվացման, անդրազգային կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև քրեակատարողական և հարկադիր կատարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարները կարևորել են նաև երկու երկրների միջև ներդրումների խրախուսման համար իրավական աջակցության տրամադրման հարցը:
Ալֆոնսո Բոնաֆեդեն հավաստիացրել է, որ, հաշվի առնելով Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, Իտալիան կհայցի Եվրամիության աջակցությունը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար: