Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը մասնակցել է ԱՄՆ Ատլանտայում կայացած «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանին։ Համաժողովի շրջանակում Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հանդես է եկել ելույթներով՝ ներկայացնելով ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները, նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով նախատեսվող գործողությունները։

Մասնավորապես, ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես անկախ կոլեգիալ մարմնի գործառույթները, վերջինիս շարունակական հզորացման կապակցությամբ հակակոռուպցիոն ռազմավարությամբ ամրագրված գործողությունները, ազդարարման համակարգի և իրական շահառուների վերաբերյալ կարգավորումները, իրական շահառուների ռեգիստրի ձևավորումը, համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, բարեվարքության ստուգման կառուցակարգերի կատարելագործումը և այլն։ ԱՆ ներկայացուցիչն անդրադարձ է կատարել նաև ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ պայքարի» կոնվենցիայի վերանայման մեխանիզմի շրջանակում ՀՀ կողմից իրականացված գործողություններին և ձեռքբերումներին։ Համաժողովի շրջանակներում Լառա Պետրոսյանը ներկայացրել է նաև մի շարք առաջարկություններ ՄԱԿ բանաձևերի նախագծերի վերաբերյալ, որոնք գնահատվել են առաջադեմ արևմտյան երկրների կողմից։

ԱՆ ներկայացուցիչը մասնակցել է նաև «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի շրջանակներում ձևավորված «Ֆինանսական թափանցիկություն և բարեվարքություն» թեմատիկ խմբին (FTI) Democracy Cohort, որին քննարկվել են կոռուպցիոն գործողություններին մասնակցող և խթանող անձանց պատասխանատվությանն առնչվող հարցեր։