Վարչապետ Կարեն Կարապետյանի մոսկովյան պաշտոնական այցն ու դրանից բխող հետևանքները ԼՈՒՐԵՐ.com-ն ամփոփեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:
Մեզ հետ զրույցում, խոսելով վարչապետ Կարապետյանի մոսկովյան վերջին այցի մասին, քաղաքագետը նշեց. «Ես մեծ տեղ չեմ տալիս այդ այցելությանը, քանի որ մինչ նմանատիպ այցելություններն ու օտարերկրյա ներդրումները Հայաստան բերելը, վարչապետը պետք է ռեալ պայքարի Հայաստանում ծավալված մենաշնորհների և կոռուպցիայի դեմ: Ժամանակին Սերժ Սարգսյանն էլ ԱՄՆ գնաց՝ ներդրումներ բերելու համար, հիմա էլ Կարեն Կարապետյանը նույն նպատակով գնաց Ռուսաստան, ու այս երևույթը շատ վտանգավոր տենդենց է դառնում»:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանում ներդրումներ անել ցանկացողները գալիս են մեր երկիր և բախվում մենաշնորհի և կրիմինալի հետ, ու ոչինչ անել չեն կարողանում, չեն ցանկանում գումար ներդնել, ուստի հենց պետք է այս ոլորտներում լուրջ աշխատանքներ տարվեն՝ նախքան ներդրումներ փնտրելը, քանի որ Հայաստանում կոռուպցիան շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, և դրա մասին ընդդիմությունից շատ խոսում է Սերժ Սարգսյանը: «Կարեն Կարապետյանը պետք է հայտարարություններից զատ՝ ռեալ աշխատանքներ տանի և վերացնի կոռուպցիան և մենաշնորհը: Դրանից հետո ներդրումների համար լայն դաշտ կբացվի մեր երկրում և բիզնեսի համար նորմալ մթնոլորտ կձևավորվի, իսկ վարչապետն էլ՝ ուր ուզում է՝ կարող է գնալ, ում ուզում է՝ կարող է համոզել»,-նշեց Ս. Գրիգորյանը:
Անդրադառնալով «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարությանը, որ պատրաստ է առավել մեծ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ պայմանավորված վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի պաշտոնավարմամբ՝ մեր զրուցակիցը հավելեց. «Սամվել Կարապետյանը խելոք մարդ է, եթե նա կարողացել է ՌԴ-ում միլիարդներ աշխատել, ուրեմն նա գիտի նաև, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ բիզնեսի ոլորտում: Նա իր այս հայտարարությամբ ուզում է ուժեղացնել Կարեն Կարապետյանին: Այդ հայտարարությունն ավելի շատ կապված է վարչապետի անձի հետ և դա դեռ ներդրումներ չի ենթադրում: Սամվել Կարապետյանը, միգուցե, ուզում է աջակցել Հայաստանին, բայց աջակցությունը դեռ ներդրում չէ, չէ՞ որ նա լավ էլ հասկանում է, թե ինչ է մեզ մոտ կատարվում ներդրումներ անելու ժամանակ: Պետք է հասկանալ, որ ներդրումն ու աջակցությունը տարբեր բաներ են, և նրա այդ հայտարարությունից պետք է հասկանալ, որ նա ցանկանում է պարզապես աջակցել: Ես, համենայն դեպս, դա էդպես եմ ընկալում»:
Աղավնի Սուքիասյան