Կառավարությունը այսօր ընդունեց օրենքի նախագիծ , որով նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե: Օրենքի նախագծով կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես քննչական մարմնի, լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի' մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Մեկ տարի առաջ կառավարության նախաձեռնությամբ ձևավորվեց մեկ այլ մարմին՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի գործունեության անոնսը նույնպես տպավորիչ էր: Սակայն, անոնսով էլ ամեն բան ավարտվեց: Քանի՞ պաշտոնյայի այս ընթացքում հանձնաժողովը բռնացրեց կոռուպցիոն ռիսկերի վրա: Ոչ մեկին: Եվ հարց է առաջանում' եթե դաշտում բոլորը այդքան սուրբ են և մաքուր՝ ո՞րն է իմաստը ստեղծել նմանատիպ նոր կառույց:
Չնայած, արադարության համար նշենք, որ հանձնաժողովը մեկ տարվա մեջ իրեն չի արադարացրել միայն կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար ակնկալող հպարտ քաղաքացիների տեսանկյունից: Իսկ իշխանությունները դժգոհելու առիթ չունեն: Արսեն Թորոսյանի, Հայկ Մարությանի և մյուս ՔՊ-ականների դեմ հարուցած վարույթները ասվածի վառ վկայությունն են: Երկարատև քննությունից հետո հանձնաժողովը որևէ խախտում այս պաշտոնյաների գործողությունների մեջ չի տեսել: Փոխարենը' արդեն քանի ամիս է' հանձնաժողովը իր սուրբ պարտքն է համարում կեղտ գտնել ԱԺ-ում մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժի ղեկավարի վրա, այն էլ ապարդյուն: Միթե՞ դրա համար էր ստեղծվել և հարկատուների հաշվին աշխատում այս հանձնաժողովը, որին շատ փորձագետներ ուղղակիորեն այս ընթացքում մեղադրում էին քաղաքական իշխանությունների պատվերը կատարելու մեջ:
Բյուջեի փողերով այժմ էլ ստեղծվում է նոր կառույց, միայն' այլ անվանումով, որպեսզի իշխանությունները էլ ավելի լծվեն կոռուպցիայի դեմ պայքարի իմիտիացի ստեղծելու գործին: Կասկած անգամ չկա, որ այս պարագայում նորաստեղծ կառույցը իր «արդյունավետությամբ» ոչնչով չի զիջելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: