Երեւանի քաղաքապետարանին առընթեր ստեղծվելու է «Շրջակա միջավայրի կանաչապատում եւ պահպանություն» ՊՈԱԿ-ը: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 16-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում: ՊՈԱԿ ստեղծման համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 400 մլն դրամ: Գալով իշխանության՝ հեղափոխականների թիմը միանգամից ազդարարեց ՊՈԱԿ-ի և դրանց տնօրենների կողմից գործի դրված կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման անհրաժեշտության մասին:
 
Հեղափոխականները, այդ թվում՝ Երևանի ավագանու անդամները, հայտարարում էին, որ պետք է թափ տալ ՊՈԱԿ-ի ինստիտուտը, խոստանում էին անգամ, որ բազմաթիվ գործեր կմտնեն դատարան: Իրականում նման գործընթացի մենք ականատես չեղանք, ի դեպ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչու. արդյո՞ք նախկինում հնչեցրած մեղադրանքները սոսկ պոպուլիզմ էին, թե՞, ամեն դեպքում, համապատասխան ստուգումներ իրականացվել են և որևէ կոռուպցիոն դրվագ չի արձանագրվել ու նախկինում կոռուպցիայի մասին ամեն անկյունում աղաղակողներն այսօր պարզապես ամաչում են ընդունել այդ հանգամանքը:
 
Հեղափոխությունից հետո կառավարությունը, իհարկե, լծվեց ՊՈԱԿ-ի փակմանը, սակայն, ինչպես ասում են, սնկի պես աճում են նորերը: Եվ սա վերաբերվում է ոչ միայն ՊՈԱԿ-ին: Իշխանափոխությունից հետո առաջին հերթին պետք է քննարկման դրվեր կարմիր գծերի հետ կապված ողջ բիզնես դաշտի վերանայումը: Վերանայելը՝ վերանայեցին: Սակայն որոշեցին օրինակ՝ Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղին հանձնել հավատարմագրային կառավարման: Սա նշանակում է, որ աշխատում է հետևյալ մոդելը. հինը կոռուպմպացված էր, սակայն, եթե նույնը անում ենք մենք և աշխատացնում ենք նույն մեխանիզմը՝ յուրայիններին նշանակելով ՊՈԱԿ-ի տնօրեններ, ապա կոռուպցիոն ռիսկը զրոյական է: Փաստորեն նախընտրական շրջանում տրված խոստումները կատարելու համար բյուջեն նեղ է, սակայն, երբ խոսքը գնում է նորաստեղծ կառույցներին միլիարդավոր դրամներ տրամադրելու մասին, այս դեպքում բյուջեն ավելի ճիշտ՝ քսակը, սկսում է լայն բացվել՝ հարկատուների գումարները տրամադրելով մի օղակի, որի կոռուպցիոն բնույթի մասին հենց իրենք էին տարիներ առաջ ահազանգում…