Այս տարվա հուլիսի 15-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում խորհրդարանի ընդունած փոփոխությամբ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձել է 250 000։ Այսինքն' ավելացվել է 5 անգամ։ Բացի այդ, պաշտոնյաների ընտանիքների անդամների բուժսպասարկման համար պետական միջոցների հաշվին վճարելու նախագիծը շրջանառվում է e-draft համակարգում, որտեղ նախագծին ծանոթացած քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել:
Մի շարք պատգամավորների բնակարանի վարձի գումարն էլ է հատկացվելու պետական բյուջեից, այսինքն' հարկատուների գրպանից: Սա էլ դեռ բավարար չէ, որոշվել է, որ պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամները մարզասրահներ նույնպես կհաճախեն այդ նույն հարկատուների գրպանի հաշվին:
8-րդ գումարման ԱԺ-ն զարմացնում է իր եսակենտրոնությամբ, դեռևս ոչ մի գումարման ԱԺ նորանկախ Հայաստանի պատմության մեջ այսչափ միտված չէր պատգամավորների սոցիալական խնդիրների լուծմանը և նրանց կյանքի որակի բարելավմանը: Տպավորություն է ստեղծվում, որ տվյալ անձինք հավաքվել են Բաղրամյան փողոցում միայն սեփական խնդիրները լուծելու նպատակով և բացարձակապես մոռացել են այն քաղաքացիներին, որոնց քվեի հաշվին ստացել են այդքան բաղձալի մանդատները: