Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, համաձայն որի՝ «Հանրային խորհուրդը» կդառնա վարչապետին կից մարմին և կստանա պետական ֆինանսավորում: Այդ նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քարտուղարության կարգավիճակում: Քարտուղարությունն այսուհետ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը: Այսուհետ, քարտուղարությունը պետք է իրականացնի տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ: Հանրային խուրհուրդն այժմ պետական ֆինանսավորում չի ստանում, նախագծի փոփոխությունից հետո կֆինանսավորվի:
 
Նշենք, որ ընդամենը վերջերս իշխանությունների թեթև ձեռքով ՀԽ-ն կոմպլեկտավորվեց սորոսականներով, իհարկե, այս կառույցում դեռևս կան ընդունելի դեմքեր, սակայն տրանսֆորմացիան ակնհայտ է: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ պետական ֆինանսավորումն օրակարգ մտավ հենց այն բանից հետո, երբ սորոսականները մտան ՀԽ: Փաշինյանը ժամանակին, մեղմ ասած, քննադատել էր ՀԽ պահելու Սերժ Սարգսյանի մտահղացումը՝ անվանելով այն անիմաստ կառույց, որը սպասարկում է նախագահի շահերը: Փաստորեն, այսօր այդ անիմաստ կառույցը այնպիսի իմաստ է ձեռք բերել, որ նրան կարելի է միլիոնների ֆինանսավորում տալ պետական բյուջեից, ավելին՝ դարձնել այն վարչապետին կից: ՀԽ անիմաստ կառույց լինելու մասին խոսել է անգամ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Այդ կառույցն ի սկզբանե անիմաստ է եղել և ստեղծվել է երևի հենց Վազգեն Մանուկյանին որևիցե գործով ապահովելու համար։ Որովհետև Սերժ Սարգսյանը նման սովորություն ուներ, չէ՞, կամ ապահովում էր, կամ վերացնում էր, որ չխոսեն»,– հայտարարել էր Սիմոնյանը։
 
Փաշինյանը նաև մեղադրում էր Սերժ Սարգսյանին՝ ՊՈԱԿ-ին անիմաստ փողեր բաժանելու մեջ: Ի՞նչպես վարվեց ինքը՝ Փաշինյանը, իշխանության գալով. հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ը այդ հարցի ամենավառ պատասխանն է: Հայտնի ՊՈԱԿ-ի ֆինանսավորմանը կարող է նախանձել ցանկացած պետական կառույց, իսկ միլիոնների հասնող պարգևավճարների մասին անգամ խոսելն է անիմաստ:
 
Միջուկային անվտանգության կոմիտեն Նիկոլ Փաշինյանի օրոք ստացել է 75,5 միլիոն դրամի պարգևավճար: Հանրության մեծ մասն անգամ տեղյակ չէ, որ մենք ունենք նման կոմիտե, հետևաբար այդ որ ազգանվեր գործերի համար են սույն անիմաստ հիմնարկի աշխատակիցները միլիոնների պարգևավճարներ ստացել բյուջեից:
 
Նման կառույցների գոյությունը Նոր Հայաստանում և վերջիններիս պետական բյուջեից միլիոններ բաշխելը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող երկակի ստանդարտների վառ դրսևորում է: