ՀՀ վարչապետի աշխատակազմը 2019թ.-ի առաջին եռամսյակում գերակատարել է պետական բյուջեով հաստատված արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության նիստում կայացված որոշման մեջ: Դրա համար որոշվել է այս գերծախսը վերականգնել այլ գումարների ու ծախսերի հաշվին` մասնավորապես` աշխատավարձեր և հավելավճարների, գույքի և սարքավորումների վարձակալության համար հատկացված միջոցներից: Այս փոփոխության արդյունքում ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա առաջին եռամսյակում կզրկվի 70 մլն դրամ հավելավճար ստանալու հնարավորությունից, իսկ գույք ու սարքավորումներ կվարձակալվեն 50 մլն դրամով նախատեսվածից պակաս գումարներով, ներկայացուցչական ծախսերն էլ կկրճատվեն 15 մլն դրամով:
Ըստ այդմ, հետաքրքիր է, թե այդ ուր են գործուղվել հայրենի պաշտոնյաները և ամենակարևորը՝ ի՞նչ պրակտիկ օգուտ են տվել մեր երկրին նրանց արտասահմանյան տուրնեները: Մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանը, օրինակ, «Push» դրամաշնորհային ծրագրի գումարների մի մասն ուղղել է դստերն ու իր օգնականին՝ մասնավորապես՝ վերջինիս համար կազմակերպելով ոչինչ չասող գործուղում: Ոչ պակաս ուշագրավ էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցը ԱՄՆ: Վերջինիս ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Լաս Վեգասի հայ համայնքի հետ հանդիպումը շատ ջերմ է անցել, ինչը միանգամայն ողջունելի է, սակայն նույն Հայրապետյանը, ժամանակին լինելով սփյուռքի նախարար համայնքների ներկայացուցիչների հետ՝ նախընտրում էր շփվել բացառապես սկայպով, իսկ այսօր արդեն, երբ վերջինս շատ ավելի մնայուն պաշոն է ստացել, որոշել է ճամփորդել հարկատուների հաշվին՝ առանց երկու կոպեկի վրա դողդողալու:
Գործուղումների մյուս սիրահարն էլ Քաղավիացիայի երիտասարդ պետ Տաթևիկ Ռևազյանն է: Այսպես, վերջինս ս/թ փետրվարի 12-14-ը մեկնել է Բրյուսել (Բելգիա), 2019 թվականի փետրվարի 15-16-ը՝ Դուբլին (Իռլանդիա) գործուղման է մեկնել Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («Եվրակոնտրոլ» կազմակերպություն)՝ Բրյուսել (Բելգիա) և «ՌյանԷյր» ավիաընկերության՝ Դուբլին (Իռլանդիա) հրավերով։
Որպես այցի նպատակ՝ կառավարության կայքում նշվում է՝ հանդիպում «Եվրակոնտրոլ» կազմակերպության գլխավոր տնօրենի, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ ՀՀ կողմից «Եվրակոնտրոլ» կազմակերպության մշտական հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նշվում է նաև, որ գործուղման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն «ՌյանԷյր» ավիաընկերությանը ներկայացնելու ՀՀ օդանավակայանների եղանակային պայմանների մասին տեղեկատվություն, քանի որ դա բաց տեղեկատվություն է, հրապարակվում է ամենօրյա, ամենժամյա ռեժիմով, տրամադրվում է անխտիր բոլոր սպառողներին, և բոլոր ավիաընկերությունները թե՛ «Զվարթնոց», և թե՛ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի եղանակային պայմաններին ծանոթանում են թե՛ օնլայն, թե՛ բրիֆինգների միջոցով, ուստի, թե ինչ պետք է ներկայացնեն «ՌյանԷյր» ավիաընկերությանը, խիստ անհասկանալի է։
Իհարկե, ամեն մի «կամանդիրովկայից» հետո չինովնիկները լուրջ դեմքով ասուլիս են տալիս ու պատմում, թե որքան կարևոր էր այդ այցը ինչ-որ մի չխմած երկիր, և թե ինչ հերոսական արարքներ են գործել իրենք այնտեղ՝ հանուն երկրի: Բայց այդ ամենից մեր երկրում որևէ էական տեղաշարժ չի լինում, միակ դրական էֆեկտն այդ անձանց բնակարաններում սառնարանների վրա ավելացող հուշանվեր-մագնիսների տեսականու ընդլայնումն է լինում և սելֆիները՝ այդ երկրի տեսարժան վայրերից: