Հայաստանի ոստիկանությունն ուշագրավ տեղեկատվություն է տարածել, որի համաձայն՝ կաշառք տալու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։
 
Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չհիմնավորված բարձր գին են վճարել մի ծառայության դիմաց, որը կարող էր շատ ավելի մատչելի լինել, եթե չլիներ Նազարյանի անթաքույց սերը թանկ և էկզոտիկ վոյաժների հանդեպ: Անգամ նման բացահայտումներից հետո «Վեոլիա Ջուր»-ը խորտակումից փրկվելու վերջին ճիգերն է գործադրում՝ փորձելով հերքել ոստիկանության տարածած հաղորդագրությունը: Ինչ վերաբերում է ՀԾԿՀ-ին, ապա խոսքը գնում է պետական մասշտաբի կոռուպցիոն գործարքի մասին, և ինչպես ասում են՝ ավելի խորն է պետք փորել: Որտե՞ղ է երաշխիքը, որ նույն կոռուպցիոն սխեմայի գործադրմամբ չի թանկացել նաև էլեկտրաէներգիան, գազը և մի շարք այլ ծառայություններ:Էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը միայն մասամբ է տնտեսագիտական կատեգորիա: Մյուս մասով դա «քաղաքական» հաշվարկ է: Էներգահամակարգում հարյուր միլիոնավոր դոլարներ են պտտվում, եւ դրանից սնվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները ու նրանց վերահսկողության տակ գտվող բազմաթիվ «գործարարներ»: Թե ինչ գնումներ են կատարվում էներգահամակարգում, ինչպիսի աշխատավարձեր են ստանում, որքան են գողանում, դժվար է կոնկրետ հաշվարկներ անել: Բայց այդ ամենը ներառված է սակագնի հաշվարկում: Հետևությունները թողնում ենք ձեզ: Նաև չպետք է մոռանալ, որ խմելու ջրի սակագինը բարձրացվել է անցյալ տարվա նոյեմբերի 22-ին, երբ վարչապետ է եղել Կարեն Կարապետյանը և հետաքրքիր կլինի պարզել, թե արդյո՞ք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «առատաձեռնությունից» օգտվել է նաև Կարեն Կարապետյանը և նախորդ իշխանության վերին բուրգը, թե՞ Նազարյանը միայնակ է ըմբոշխնել կոռուպցիոն ատկատները…