Հատկապես վերջին տարիներին հաճախ կարելի է ականատես լինել,թե ինչպես է հայրենի Կառավարությունը պարբերաբար ինչ-ինչ արտոնություններ սահմանում մասնավոր ընկերությունների համար`իբր երկրում բիզնես միջավայրը լավացնելու, տնտեսական զարգացման հավելյալ խթաններ ստեղծելու նպատակով: Նման գործիքակազմերից է նաև ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետի երկարաձգման թույլտվությունը,որը թույլ է տալիս ընկերություններին 300 մլն դրամը գերազանցող ապրանքների  ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել ներմուծման ժամկետից 3 տարի անց միայն։  

Hetq.am-ը նյութ  է հրապարակել,ուր բավական մանրակրկտորեն նշված են այն ընկերությունների անունները,որոնք այս տարիների ընթացքում ամենահաճախն են օգտվել վերոհիշյալ արտոնություններից: Հրապարակումից պարզ է դառնում,որ համապատասխան արտոնությունից ամենաշատն օգտվել են այն ընկերությունները,որոնք այս կամ այն կերպ առնչություններ ունեն բարձրաստիճան պաշտոնյաների ու իշխանկան շրջանակների հետ սերտորեն շաղկապված գործարարներ հետ: Այսպես` պարզվում է,օրինակ,որ  «ԱՏ-Մետալս» ընկերությանը ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար հաշվարկվող ԱԱՀ-ի հետաձգման թույլտվություն է շնորհվել 2013-ի մայիսին։ Սա մի ընկերություն է, որի բաժնեմասերի գրեթե կեսը պատկանում է հայկական «Վենտմայն» ընկերությանը։Վերջինը նաև հանդիսանում է «ԱՏ-Մետալս»-ի հիմնադիրներից մեկը։ «Վենտմայն»-ը պատկանում է Համլետ Հովսեփյանի ընտանիքին, ով այդ ժամանակ վարչապետի խորհրդականն էր, իսկ 2016-ից հանդիսանում է Կարեն Կարապետյանի ՀՀ խորհրդական` հասարակական հիմունքներով։ Պակաս խոսուն չէ ասենք նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա և Գ» ընկերության օրինակը,որը արտոնություն է ստացել 2014-ի հոկտեմբերին, և այսպես շարունակ (համապատասխան արտոնությունից ամենահաճախն օգտված  ընկերությունների մասին տեղեկությունը տե՛ս այստեղ):

Այս ամենը մի շատ բնական հարց է առաջ  բերում` ո՞ւմ համար են Հայաստանում սահմանվում տնտեսական արտոնությունները, կամ իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում նմանօրինակ արտոնությունների սահմանումը: Դատելով փաստերից` կարող ենք հաստատապես ասել,որ  այդ արտոնությունների սահմանման նպատակն իրականում ոչ թե ասենք  Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է,այլ չինովնիկների ու նրանց հետ սերտաճած օլիգարխների բիզնեսները ծաղկեցնելը` այպիսով է՛լ ավելի խորացնելով Հայաստանում առկա անհավասար մրցակցային պայմանները: Այսինքն` դեկլարատիվ կերպով հայտարարվում է մեկ բան,բայց արվում ճիշտ հակառակը, որի արդյունքում շահում են միմիայն բիզնեսմեն չինովնիկները.նրանք են այսօր բոլոր արտոնությունների հիմնական շահառուները:

Այսքանից հետո էլ ցանկանում ենք ներդրումներ ներգրավել Հայաստան, դառնալ գրավիչ և այլն: Նման բան այս պայմաններում ակնկալելն ուղղակի հիմարություն է. այնպես չէ՞…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ