Ամիսներ առաջ ստեղծված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ հանրությունը մեծ հույսեր էր կապում: Հույսերն էլ, իհարկե, հիմնազուրկ չէին, քանի որ նորաստեղծ կառույցը կոչված էր դառնալ պետական համակարգում կոռուպցիայի կանխարգելման գլխավոր մեխանիզմը: Սակայն, հանձնաժողովի անդամների ներկայացրած ֆինանսական հայտարարագրերը որոշակի հիմքեր են տալիս կասկածելու՝ իսկ արդյո՞ք այս մարդիկ կարող են անաչառ և օբյեկտիվ պայքար մղել պետական համակարգում արմատացած կոռուպցիայի դեմ: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն իր հայտարարագրի այլ եկամուտներ բաժնում նշել է 1,520,000.00, 732,000.00, 1,618,000.00 ՀՀ դրամ և 368.00 ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ՝ Հարությունյանը հայտարարագրել է 9,718,000.00 ՀՀ դրամ: Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հայտարարագրել է 10,616.00 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Անգամ եթե այդ նվիրատվությունը արվել է մինչ Ալեքսանյանի կողմից սույն պաշտոնը ստանձնելը, ապա վերջինիս այդ պաշտոնը վստահողները արդյո՞ք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել են, թե ով է այդչափ առատաձեռն գտնվել և արդյո՞ք այդ առատաձեռն նվերը չի խանգարի Ալեքսանյանին՝ հետագայում կոռուպցիայի դեմ պայքարը օբյեկտիվ իրականացնել, եթե, օրինակ, կոռուպցիոն դրսևորումներ նկատվեն իր «բարերարի» մոտ: Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հայտարարագրի այլ եկամուտներ բաժնում նշել է 16,318.00, 5,947.00, 419,500.00 ՀՀ դրամ: Թե որոնք են այս եկամուտների աղբյուրները՝ նույնպես հասկանալի չէ: Հանձնաժողովի անդամ Գագիկ Համբարձումյանը հայտարարագրել է երեք բնակարան, երեք ավտոմեքենա, ավտոտնակ՝ 15,000.00 ԱՄՆ դոլար, իսկ այլ եկամուտներ բաժնում նշել է 765,000.00 ՀՀ դրամ:
Որևէ հիմք չկա պնդելու, որ վերոնշյալ գումարները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով, սակայն կոռուպցիայի կանխարգելման հարցը հայ հանրության համար անչափ ցավոտ հարց է և մարդիկ, ովքեր զբաղվում են մեր երկրում կոռուպցիան արմատախիլ անելով, առնվազն պետք է թափանցիկ լինեն հանրության առջև և բացատրեն՝ իրենց քրտինքով վաստակած աշխատավարձից զատ որտեղից են ի հայտ եկել սույն նվիրատվությունները և այլ եկամուտները: