ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի բիզնեսները հեղափոխությունից հետո բավական արտոնյալ կարգավիճակում են: «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին։ Այս ընկերության՝ վառելիքի շուկա մուտք գործելը 2016 թվականի իշխանությունները, ի դեմս՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի, ներկայացրին որպես բենզինի շուկայի ազատականացում ու մրցակցության մեծացում: Քանի որ ընկերությունը փակ բաժնետիրական է, հետևաբար ռեգիստրում տեղեկությունները սահմանափակ են։ Միայն կարողացանք պարզել, որ ընկերության սեփականատերեր են ներկայիս տնօրենը՝ Պատրիկ Աճեմյանը, Էդգար Հարությունի Փամբուկյանը, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է, ինչպես նաև՝ Կարեն Սերգեյի Ախվերդյանը։
«Մաքս Օիլ»-ը հեղափոխությունից հետո շարունակում է մեկ անձից գնման ընթացակագրով պայմանագրեր կնքել զանազան պետական կառույցների հետ: Վերջերս վարչապետի աշխատակազմը «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ-ից 1 մլն 550 հազար դրամի ռեգուլյար տեսակի բենզին է գնել: Դիզվառելիքի հիմնական գնորդ է հանդիսանում պաշտպանության նախարությունը։ Այստեղ դինամիկան բավական ուշագրավ է: 2019 թվականից գնումների պատկերը կտրուկ փոխվել է։ Եթե նախորդ երկու տարիներին պաշտպանության նախարարությունը հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումների համար պայմանագիր էր կնքել ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ապա 2019 թվականի դեպքում պետական գնումներն իրականացվել են 54 մատակարարից, ինչի արդյունքում կնքվել է 69 պայմանագիր։ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված պետական գնումների արդյունքում ընդհանուր հաշվով ծախսել է ավելի քան 2,3 մլրդ դրամ, ինչը գրեթե 141 անգամ ավելին է, քան 2018 թվականին իրականացված գնումների ընդհանուր գումարը։
Առանձնացրել ենք թոփ եռյակը` ըստ պայմանագրերում նշված գնման արժեքի.
- «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ (ավելի քան 1,3 մլրդ դրամ),
- «Մաստերֆուդ» ՍՊԸ (286 մլն դրամ),
- «Ինտերմեդ Գրուպ» ՍՊԸ (ավելի քան 101 մլն դրամ
Պետական կառույցների շարքում «Մաքս Օիլ»-ից շուրջ 697 հազար դրամի գնում է կատարել նաև Վանաձորի համայնքապետարանը։
Եղվարդի համայնքապետարանը նույնպես պայմանագիր է կնքել «Մաքս Օիլ» ընկերության հետ։
836,950 դրամի ծառայություններ նշված ընկերությունից ձեռք է բերել հանրային հեռարձակողի խորհուրդը։
Թալինի համայնքապետարանը նույնպես գնումներ է կատարել Փամբուկյանին պատկանող ընկերությունից։