Չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, որի մեխը, հիշեցնենք, նախկին իշխանությունների և հատկապես այդ իշխանությունների գործարար, ասել է թե՝ օլիգարխիկ հատվածի մերժումն էր, այսօր արդեն հեղափոխական իշխանությունները մեծ սիրով համագործակցում են մերժվածների հետ՝ վերջինիս պատկանող ընկերություններից հարյուրավոր միլիոնների գնումներ կատարելով: Այդ գումարները, իհարկե, վերջիններիս քսակ ուղղվում են պետական բյուջեից, ասել է թե՝ հպարտ հարկատուների գրպանից:
Դիցուք՝ Հայաստանում ապահովագրության ոլորտը եղել և մնում է թերևս ամենաեկամտաբերներից մեկը, հիմնական խաղացողներն էլ շուկայում շարունակում են մնալ նույնը: Ընդ որում, թեև ապահովագրական ընկերությունների մեծ մասը պատկանում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, նոր իշխանություններին դա որևէ կերպ չի խոչընդոտում՝ վերջիններիս հետ ակտիվորեն համագործակցել և նույնիսկ առաջ մղել դրանցից մի քանիսի բիզնեսը: Օրինակ՝ ապահովագրական ընկերություններից «Ինգո Արմենիա»-ն մշտապես կապվել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ, նրան է պատկանել և պատկանում այս ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը: Ահա թե ինչ պայմանագրեր են կնքել Ալթունյանի ընկերության հետ պետական կառույցները:
Բնապահպանության նախարարությունը գնումը կատարել է «Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 839,000 ՀՀ դրամ։
ԱԱԾ-ն շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ է գնել«Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 18,836,000 ՀՀ դրամ:
ՀՀ սահմանադրական դատարանը մեկ անձից գնման ընթացակարգով մեքենաների ապահովագրության ծառայություններ է ձեռք բերել վերը նշված ՍՊԸ-ից՝ վճարելով 580 հազար դրամ:
Լոռու մարզպետարանը կրկին մեկ անձից գնման ընթացակարգով 684 հազար դրամի ապահովագրական ծառայություններ է ձեռք բերել Ալթունյանի ընկերությունից։
Ամենաուշագրավը թերևս այն է, որ առողջապահության նախարարությունն է նախորդ տարի «Ինգո Արմենիա»-ից պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ձեռք բերել՝ վճարելով 1 140 212 831 դրամ։
Պետական պահպանության ծառայությունը նույնպես կլորիկ գումարի գնումներ է կատարել «Ինգո Արմենիա»-ից։
Հաշվեքննիչ պալատը 354,000 դրամի ծառայություններ է ձեռք բերել «Ինգո Արմենիա»-ից։