Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 130 բնակիչ հայտնվել է դատարանում իրենց անուններով վերցած միլիոնավոր դրամների վարկերը չմարելու պատճառով։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գավառի բնակիչ Ռազմիկ Կատվալյանը։

Վերջինիս խոսքով՝ և՛ ինքը, և՛ մյուս վարկառուները դարձել են խաբեության զոհ և այժմ դրա հետևանքով կանգնած են փաստի առաջ․ «Գավառ քաղաքի բնակիչ Արտուշ Մաթևոսյանն, ով նաև եղել է իմ ծանոթը, մեզ համոզեց և մեր անձնագրերը  Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ներկայացնելով՝ վերցրեց վարկեր։ Արտուշ Մաթևոսյանը խնդրեց իրեն օգնել, ասաց, որ ոսկի կներկայացնի բանկ՝ գրավ վերցնելու համար, մեզանից ուզեց մեր անձնագրերը։ Մենք էլ տվել ենք դրանք և հետո ստորագրել ինչ-որ փաստաթղթերի տակ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ Արտուշը ոչ թե ոսկի է դրել գրավ, այլ 130-իս անունով վարկեր է վերցրել և հիմա յուրաքանչյուրիս անունով 9 մլն դրամի վարկ կա բանկում»,-ասաց Կատվալյանը։

 

Վերջինիս խոսքով՝ վարկային այդ պայմանագրում որպես երաշխավորներ ներկայացել են իր կինը՝ Սուսաննա Կատվալյանը և Նորիկ անունով մի մարդ, ում ինքը չի ճանաչում։

Ըստ Կատվալյանի՝  Արտուշ Մաթևոսյանը վարկային պայմանագիր է ձևակերպել նաև իր  կնոջ և դստեր անուններով։

Ռազմիկ Կատվալյանի խոսքով՝ դատական քաշքշուկները սկսվել են տևական ժամանակ առաջ։ Կատվալյանը նաև հայտնում է նաև, որ ինքը դատարանից որևէ ծանուցագիր չի ստանում և դատարանն իրեն պատշաճ կերպով չի ծանուցում և միայն դատական նիստից մեկ օր առաջ դատարանից զանգում և հրավիրում են դատական նիստի։  

«Վաղը դատական նիստ է նշանակվել և ես ահազանգում եմ, որ ես և իմ նման 120-ից ավել ընտանիք դարձել է խաբեության զոհ։ Մենք չունենք փաստաբաններ, ովքեր կկարողանան մեր շահերը պաշտպանել»,-մեզ հետ զրույցում նշեց նա։

Ինչպես տեղեկանում ենք datalex տեղեկատվական համակարգից, դատական գործը 08-02-2016-ին մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանին, կայացել է մի քանի դատական նիստ։ Գործի վարույթը կասեցվել է 31-03-2017-թ.-ին, որից հետո գործը հանձնվել է անավարտ գործերի վարույթ։