Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այսօր մեկնարկել են նոր գործընկերություն՝ վերահաստատելով իրենց հանձնառությունն աջակցելու Հայաստանին հասնելու Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։

Ճապոնիայի կառավարությունը 900.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով երկրի կլիմայական ազգային խոստումների իրականացումն առաջ մղելու համար։

ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացվող և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» նոր ծրագիրը կուժեղացնի երկրի կլիմայական դիմակայունությունը և կօգնի մեծացնելու հարմարվողականության միջոցառումները՝ թիրախավորելով նաև կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, խոցելի խավերին և ֆերմերներին։