Թեև Հայաստանում ամենաբարձր մակարդակում հայտարարվում է կոռուպցիան արմատախիլ անելու մասին, կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են և դրանք վերաբերվում են ոչ միայն նախկին թալանչիներին, այլ նաև ներկա՝ հենց իշխանական թիմի ներսում էլ, ըստ երևույթին, կան մարդիկ, ովքեր կուրացել են իշխանության փայլից և բռնել են նախկինների ուղին:
Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որն ստանում էր տենդերին միջամտելու և կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ, պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ․ եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։ Նա առաջինը չէ հեղափոխական իշխանություններից, որ բռնվել է կոռուպցիոն գործարքի գնալիս․ առողջապահության փոխնախարարի դեպքը դեռ թարմ է մեր հիշողության մեջ։ Նոր իշխանությունների օրոք առողջապահության ոլորտում սկսեցին կոռուպցիոն սկանդալներ ի հայտ գալ: Դեռ հեմոդիալիզի սարքերի մատակարարման տենդերների շուրջ սկանդալը չմարած՝ պայթեց կաշառքի համար փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալման լուրը։ Նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով՝ 2018 թ․ մայիսին փոխնախարար նշանակված Դավթյանը համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները եւ հիմա, ըստ ԱԱԾ-ի, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Մինչև փոխնախարար նշանակվելը, Արսեն Դավթյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ՝ տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ նույն կառույցում։
Դժվար է անգամ հաշվել, թե քանի անգամ է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Միայն նշենք, որ վերջին՝ ամենաթարմ սկանդալը կապված էր Երևանին նվիրաբերված Կամազների հետ: Նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մակնիշի մեքենա։ Որոշ տեղեկություններով՝ դա արվել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտի համար, որը քաղաքապետարանն ընդունելիս չի եղել։
Մյուսը՝ «Ն և Ս» ՍՊԸ-ն, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել․ ըստ մամուլի տեղեկությունների՝ Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես պետք է լինեին 14 հարկանի, իսկ նվիրատվությունից հետո դարձել են 18 հարկանի։ Քաղաքապետարանի նվիրատուների թվում է նաև «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է, իհարկե, վարչապետը և ինքը՝ Մարությանը, այստեղ կոռուպցիոն ռիսկ չեն տեսնում, իսկ ընդդիմությունը և երևանցիները՝ տեսնում են:
Այսքանով՝ կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնված իմքայլականների շարքը չի ավարտվում, այս շարքը շարունակելի է: Պետք է միայն փաստել, որ Նոր Հայաստանում էլ պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ չէ, հակառակ դեպքում՝ գեներալ Մանվելին բանակի փողերը ուտելու մեջ մեղադրողը, դժվար թե, այսօր մեղադրվեր դպրոցների փողերը ուտելու մեջ…