ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Կարայանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն ավելի խորացնելու: «Մեր նպատակը դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսք ապահովելն է, և ԱՄՆ-ն այս առումով մեր հիմնական գործընկերներից մեկն է: Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը տնտեսական ոլորտում լայնածավալ է: Տնտեսությա ն տարբեր ճյուղերում իրականացված աջակցության ծրագրերը շատ արդյունավետ են», - ասել է նախարար Կարայանը:

Սուրեն Կարայանը հյուրերին է ներկայացրել նախարարության կողմից ստեղծված մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, դրանց գործունեությունն ու նպատակաները: Նա նշել է, որ նախարարությունն անում է առավելագույնը' գործարար համայնքի ձայնը լսելի դարձնելու, նրա խնդիրներին ականջալուր լինելու համար, քանի որ հենց նրանց են ուղղված ոլորտի բարեփոխումները: Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ թե՛ մասնավոր հատվածի հետ համագործակցության և թե՛ այլ ծրագրե րի շրջանակներում:

Դեսպան Ռիչարդ Միլզը նշել է, որ դեսպանատունը պատրաստ է շարունակել իր երկարամյա արդյունավետ գործընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ:

«Մենք պատրաստ ենք համատեղ՝ Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի իրականացման միջոցով, վերացնել մեր երկրների միջև առևտրի ու ներդրումների մեծացման ճանապարհին առկա խոչընդոտները: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին զբոսաշրջության, բիզնեսի խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում», - ասել է դեսպան Ռիչարդ Միլզը: