Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Եվրամիությունը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին: Պետք է նշեմ, որ նախորդ անգամ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին Եվրոպական Միությունը ընտրական համակարգի բարեփոխումների ֆինանսավորման 90 տոկոսը տրամադրել է: Ես հավատում եմ, որ այս անգամ մենք ավելի հետաքրքրված կլինենք այս նախաձեռնությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ»,-ասաց Սվիտալսկին:
Նա հավելեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն արդեն նախաձեռնողականորեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: «Անցյալում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատասխանատու է եղել ընտրական գործընթացներում աջակցության տրամադրման տեխնիկական հատվածի ապահովման համար: Եվ ես գիտեմ, որ նրանք միտված են այդ աջակցությունը տրամադրելուն»,- նշեց նա:
ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով' փորձագետները պետք է ուսումնասիրեն գործող համակարգի հետագա բարելավման հնարավորությունը: Եզրափակելով խոսքը' դեսպանն ընդգծեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ձևն ու ժամկետները պետք է որոշի Հայաստանի քաղաքական էլիտան:
Հայաստանում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ կա ՀՀ կառավարության ծրագրում: Մասնավորապես կառավարությունն անհրաժեշտ է համարում ԸՕ-ում կատարվելիք փոփոխություններով հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր' իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը' քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը: