Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ եւ վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն կուսակցության նահանգային ղեկավարներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստ լինելու հանձնարարական է տվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու» լրատվական գործակալությունը, հղում կատարելով կառավարության իր աղբյուրներին, հայտնել է, որ մահեմդական Ռամազան տոնի առնչությամբ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱԶԿ-ի նահանգային ղեկավարների հետ: Նա հայտնել է, որ թեեւ շարունակում է կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների բանակցությունները, սակայն, ամեն պահի կարող է այնպես ստացվել, որ երկիրը գնա արտահերթ խորհր դարանական ընտրություների, ինչին պետք է պատրաստ լինեն ԱԶԿ-ի բոլոր նահանգային կազմակերպությունները:

 

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում: Ինչի պատճառով, Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար բանակցում է խորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում եվ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ:

 

Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ հավանական է' ԱԶԿ-ը կոալիցիա ստեղծի ԺՀԿ-ի հետ, սակայն, Թուրքիայի վերնախավին մոտ կանգնած շրջանակները հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն դեմ է հանդես գալիս կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարել էր, որ «կոալիցիոն կառավարությունը չի կարող ապահովել Թուրքիայի հետագա զարգացումը»: