ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը այսօր բավական ծավալուն վերլուծականով է հանդես եկել՝ շուկայում կարագի գնի թանկացման և դրա հնարավոր պատճառների վերաբերյալ: Վերլուծականում խորը մտահոգություն է հայտնվում շուկայում մենաշնորհների և գերիշխող դիրք ունեցող խաղացողների գործունեության վերաբերյալ, ընդ որում դա արվում է բավական հասցեական, մատնանշվում է Ալեքս Գրիգ ընկերությունը: Վերլուծականը եզրափակվում է կառավարությանը տրված հայրական խորհուրդներով՝ թե ինչպես պետք է արդյունավետ պայքար մղել մենաշնորհների դեմ: Տարօրինակ է իհարկե, որ կառավարության մաս կազմող կուսակցությունը խնդրի բարձրաձայնման հանրային հարթակն է նախընտրել: Նրանք ովքեր տեղյակ չեն հայկական քաղաքական դաշտի իրողություններից, կարող էին նույնիսկ ենթադրել, որ Դաշնակցությունը վերադարձել է հին ու բարի հեղափոխական ավանդույթներին, քանի որ վերլուծականը ավելի շատ հեղափոխական պամֆլետ է հիշեցնում: Կարելի է ենթադրել, որ ՀՅԴ այս քայլը ընդհամենը պատասխան քաղաքական կսմիթն էր կոալիցիոն գործընկերոջը, հատկապես հաշվի առնելով կառավարության վերջին նիստը, որտեղ մերժվեցին ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիայի ներկայացրած բոլոր ութ առաջարկները:
 
Հասկանալի է՝ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ առաջարկները խմբակցության անունից ներկայացնելով՝ փորձել է անհարմար դրության մեջ դնել վարչապետին, որպեսզի դրանք չընդունելու դեպքում ստացվի այնպես, որ կառավարությունը մերժել է ոչ թե պատգամավորին, այլ կոալիցիոն գործընկեր քաղաքական ուժին: Ընդ որում, սովորաբար նման դեպքերում հատկապես կոալիցիոն գործընկեր կուսակցությունները փորձում են առաջնահերթությունները ներկայացնել նախագիծը գրելիս, իսկ ԱԺ խմբակցության անունից ներկայացված առաջարկները սկզբում փորձում են քննարկել կուլիսներում, համաձայնեցնել, հետո նոր արդեն փաստաթղթավորել: Ու հիմա ՀՅԴ-ի այս քայլից կարելի է ենթադրել՝ կա՛մ կոալիցիոն գործընկերները փորձել են նախապես համաձայնեցնել, բայց կառավարության մերժումը ստանալով՝ որոշել են հրապարակայնացնել նախագծերը, կա՛մ ի սկզբանե չեն գնացել այդ ճանապարհով՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Դե, կառավարությունն էլ որոշել է չնահանջել ու իր դիրքորոշումն է պաշտպանել:
 
Ի պատասխան սրան, ՀՅԴ որոշել է թիրախավորել կառավարության աքիլեսյան գարշապարը համարվող մենաշնորհների խնդիրը: Եվ սա խոսում է այն մասին, որ կոալիցիայում իրոք արշալույսները այնքան էլ խաղաղ չեն: Դաշնակցությանը քաղաքական կոալիցիայից հետզհետե հեռացնելու գործում առաջին գիծ է նետվել Կարեն Կարապետյանը, այդ պատճառով էլ հենց նրան և նրա տնտեսական քաղաքականությանն է բաժին հասնում դժգոհության ամենամեծ չափաբաժինը: 
 
 
Ստելլա Խաչատրյան