Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի վեր հանել և քննարկել բոլոր այն խնդիրները և տեղեկությունները, որոնց մասին խոսվում է տարբեր հարթակներում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին:
«Մենք այս հանձնաժողովը, որը ղեկավարում է հանրապետության վարչապետը և որում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական պատգամավոր, ստեղծել ենք, որպեսզի միասին, համատեղ ուժերով քննարկենք, վեր հանենք բոլոր այն խնդիրները, բոլոր այն տեղեկությունները, որոնց մասին խոսում են տարբեր հարթակներում: Եվ երբ այդ քննարկումների արդյունքում կունենանք իրավական հիմքեր, իրավապահ մարմինների օգնութամբ կիրականացնենք նաև պատժիչ գործողություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Նա հավաստիացրեց, որ այս հարցում իշխանությունները որևէ կերպ կաշկանդված չեն: «Որևէ մեկ անձի, քաղաքական գործչի, գործարարի նկատմամբ մենք չունենք որևէ պարտավորվածություն: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, պարզ, անկեղծ: Եվ ես համոզված եմ, որ եթե մենք բոլորս ունենանք այս համոզվածությունը, մենք կկարողանանք հաջողություն գրանցել»,- շեշտեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն առաջարկում է միասին, համատեղ ջանքերով վեր հանել առկա խնդիրները և լուծում տալ դրանց՝ օգտագործելով իշխանության լծակները: «Իսկ դուք ասում եք' ընդդիմությանը վերահսկողական լծակներ տվեք: Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս միասին լուծենք մեր ժողովրդի առջև ծառացած սոցիալական խնդիրները:
Արդեն շուրջ մեկ տարի է՝ ես նշանակվել եմ վարչապետ: Որևէ մեկը թող ասի, որ ես վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ լինելու տարիներին որևէ բիզնես գործունեություն եմ ծավալել կամ որևէ բիզնեսի հետ սերտաճած եմ: Ուղղակի տարբեր ամբիոններից մարդիկ անհիմն խոսում են: Ես առաջարկում եմ միասին աշխատել:
Խորհրդի նախագահը նույն լիազորություններն ունի, ինչ անդամը: Տարբերությունը ո՞րն է: Ես ասում եմ' վեր հանենք և խնդիրներին լուծում տանք: Դատարկ խոսակցություններն անհիմն եմ համարում, դրանք փչացնում են առողջ մթնոլորտը: Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ եկեք միասին խնդիրներին լուծում տանք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: