ՀՀ ազգային ժողովի խորհրդի նիստը, որը նախաձեռնել էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով, չի կայացել:  Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորները սա գնահատեցին անհարգալից վերաբերմունք ՝ ընդդիմության նկատմամբ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասաց «ԱԺ խորհրդի նիստը, որը նշանակված էր 11-ին, չկայացավ, քանի որ առաջինը՝ ԱԺ նախագահը չեկավ ու չբացեց խորհրդի նիստը: Հիմա սա ես գնահատում եմ անհարգալից վերաբերմունք՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների, ԱԺ 1/5-րդի նկատմամբ: ԱԺ նախագահը պարտավոր է խորհրդարանի բնականոն աշխատանքներն ապահովել և հենց հիմա չի ապահովում»,-ասաց Մարուքյանը:

 
 

Նրա կարծիքով՝ ԱԺ նախագահը կարող էր գալ, գոնե նիստը բացել, հայտարարել, որ քվորում չկա, քաղաքական որոշում ունեն և չեն ներկայանում: Մարուքյանի խոսքով՝ եթե ԱԺ նախագահը բացեր, նիստը, հայտարարեր, որ քվորում չկա, քվորումը 2 ժամվա ընթացքում բաց կլիներ, և եթե խորհրդի անդամները ներկայանային ու քվորում ապահովվեր, նիստը կարող էր կայանալ: Իսկ հիմա իրենց համար անհասկանալի է՝ չգիտեն, քվորումը բաց է, թե ոչ:

Մարուքյանը վստահեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են նիստը, որ քաղաքական պրոցեսները փողոցից բերեն քաղաքական ինստիտուտ:

«Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանը ևս վստահեցրեց, որ ընդդիմադիր խմբակցություններն անում են Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը, որ գերլարված իրավիճակը, որ ստեղծվել է երկրում, բերեն ԱԺ: Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում պետք է քննարկեն ստեղծված իրավիճակը, նաև ռազմական դրության չեղարկման հարցը:

Ազգային ժողովի արտահերթ նիստ րավիրելու ընդդիմադիրների փորձը չէր հաջողվել նաև փետրվարի 25-ին: