ՆԱՏՕ-ն բաց է պահում Ռուսաստանի հետ կապի քաղական ուղիները, բայց բացառում է պրակտիկ համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Թուրքիայի Բելեկ քաղաքում (Անթալիայի նահանգ) կայացած գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում:

 

 

«Ռուսաստանի հետ ամբողջ պրակտիկ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ անցած գարնանը ՆԱՏՕ-ի կողմից ընդունված որոշումը պատասխան է ՌԴ-ի ագրեսիային և Ղրիմի անօրինական բռնակցմանը»,- ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, թե «հակասություններ չի տեսնում դաշինքի ներսում ամուր պաշտպանության և Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության միջև»:

 

 

Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն այժմ հնարավորություններ չի տեսնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու նպատակով ՌԴ-ի հետ պրակտիկ համագործակցության համար:

 

 

Նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ն համատեղ վարժանքներ կանցկացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ: Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը պլանավորում է «Բալթիկայում կրկնակի ավելացնել ՆԱՏՕ-ի հակազդման ուժերի թվաքանակը»: «Մենք կպահպանենք մեր ներկայությունը դաշինքի արևելյան մասում, կուժեղացնենք պարեկությունը, կլինեն ավելի շատ զորավարժություններ»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն վաղաժամ է համարում Բալթյան երկրներում իր ներկայությունը մինչև բրիգադի մակարդակ ընդլայնելու հարցի քննարկումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: