Սիրիայի հյուսիս արևելքում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ԻԼԻՊ խմբավորման հենակետերի ուղղությամբ ռմբակոծության հետևանքով սեպտեմբերի 25-ի գիշերը 15 ահաբեկիչներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բացի այդ զոհվել են 5 քաղաքացիներ: Օդային ռմբակոծությունների երրորդ գիշերը հարվածներն ուղղվել են Սիրիայի արևելքում գտնվող նավթային բազաների ուղղությամբ, որոնք գտնվում են ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ: Ընդհանուր առմամբ 13 հարվածներ են ուղղվել նավթային 12 բազաների ուղղությամբ:

 

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին նշել է, որ ռազմական գործողությունները հաջող շարունակվում են, դեռ լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդում:

 

Ավելի վաղ Սիրիան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ ռմբակոծությունները ճիշտ ուղղությամբ են արվում, Սիրիայի բնակչությունը և պետական կառույցները ռմբակոծություններից չեն տուժել:

 

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրները առաջին օդային հարվածներն են ուղղել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: Ռմբակոծություններին մասնակցել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: Ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են կործանիչներ, հրթիռներ, ռմբակոծիչներ: