Ֆրանսիական կործանիչները սեպտեմբերի 25-ի առավոտյան հարվածել են Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան լը Ֆոլը նշել է, որ հարվածներն ուղղվել են առավոտյան: Այլ տեղեկություններ նա չի հաղորդել:
Պաշտպանության նախարար Ժան Իվ լը Դերիանի խոսքով' հարվածները կշարունակվեն առաջիկա օրերին: Ֆրանսիայի այս քայլը օգնություն է իրաքյան և քրդական ուժերին:
Մի քանի օր առաջ ֆրանսիական օդային առաջին հարվածներն հասցվել էին ԻԼԻՊ-ի' Իրաքի հյուսիս-արևելքում գտվող դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ոչնչացվել էր նրանց զինապահեստը:
Իրենց հերթին, ամերիկյան օդային ուժերը Քիրքուքի մարզում հարվածել են ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Ահաբեկիչները կորուստներ են կրել. կենդանի ուժի կորուստների մասին որոշակի տեղեկություններ չեն նշվում: Այդտեղ ոչնչացվել է ԻԼԻՊ-ի ռազմական տեխնիկան:
ԱՄՆ-ը և դաշնակից երկրները արդեն մի քանի օր է, ինչ օդային հարվածներն են հասցնում Իրաքում և Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: ԱՄՆ-ն նպատակադրվել է ամբողջովին վերացնել խմբավորումը, որը սպառնալիք է ներկայացնում շատ երկրների համար: