Ռուսական ռազմական օդանավերն անցած 24 ժամվա ընթացքում 33 մարտական թռիչք են իրականացրել ահաբեկչական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ' համաձայն ռուս-սիրիական հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ համաձայնության:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռուսական օդուժի թիրախում են հայտնվել ահաբեկչական կազմակերպությունների 49 դիրք Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի և Համայի վարչական շրջաններում: Ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել են 32 հենակետ, ռազմական ճամբար, ահաբեկիչների ղեկավարների երկու նստավայր, երեք զինապահեստ, պայթուցիկ սարքավորումների արտադրամաս:

 

Աղբյուրը նշել է, որ «Իսլամական պետությանը» պատկանող դիպուկահարների մարզական ճամբար է ոչնչացվել Լաթաքիայի Ջաբալ Աքրադ շրջանում:

 

Արևելյան Ղուտայի շրջանում ահաբեկիչների ղեկավարների նստավայրեր են ոչնչացվել, մեծ թվով ահաբեկիչներ ռմբակոծությունների հետևանքով փախուստի են դիմել:

 

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավ և ուղղաթիռ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից: